ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ռոբերտ Քոչարյանը գնա՞ց, թե՞ վերադառնում է Ստեփանակերտ

Ռոբերտ Քոչարյանը գնա՞ց, թե՞ վերադառնում է Ստեփանակերտ
11.05.2016 | 22:29

Այսօր Ստեփանակերտում հանդիպել են ԼՂՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպման մասին ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը դեռ տեղեկություններ չի հայտնում, իսկ ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր:

«Նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարևորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը և գործուն քայլերը՝ Արցախին սատարելու ուղղությամբ»,- նշված է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջում: Ի՞նչ է ասել Ռոբերտ Քոչարյանը՝ հայտնի չէ: Բայց ասել է, չէ՞, որ հասել է Ստեփանակերտ: Լևոն Տեր-Պետրոսյանը Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո մի քանի բառ ասաց՝ առանց բացելու հանդիպման փակագծերը: Ամենայն հավանականությամբ՝ Բակո Սահակյանը պատմել է ապրիլի սկզբի իրադարձությունները մի քիչ ավելին, քան շրջանառվում է մամուլում, Ռոբերտ Քոչարյանն էլ հարցրել է՝ հիմա ի՞նչ եք անում ու ասել է՝ ինքն ի՞նչ կաներ: Ասենք՝ պե՞տք է Ղարաբաղին Հայաստանի ճանաչումը, թե՞ ոչ:

Պե՞տք է Ղարաբաղին բանակցային սեղան վերադառնալ, թե՞ Ռոբերտ Քոչարյանը մնում է իր կարծիքին: Ի՞նչ կտա բանակցային սեղան Ստեփանակերտի վերադարձը, եթե բանակցությունները վերսկսվեն ու քննարկվի Կազանի փաստաթուղթը, երբ արդեն Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի հանգրվանի հասած լինեն: Հարցերը շատ են, ակնկալիքները՝ հայտնի, բայց կա մեծ անորոշություն, քանի դեռ Բաքուն կրակում է: Հազիվ թե Ռոբերտ Քոչարյանը հասներ Ստեփանակերտ, եթե պատասխաններ չունենար: Համենայն դեպս ապրիլի 11-ին նա ասել էր, որ չի ծրագրում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ինչպես ապրիլի 9-ին հանդիպեց Լևոն Տեր–Պետրոսյանը. «Այսպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում, տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»՝ ասել էր ՀՀ երկրորդ նախագահն ու հավելել, որ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա:

Կամ ասվածը վերաբերում է միայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն, կամ Ռոբերտ Քոչարյանը փոխել է կարծիքը գործող ու նախկին նախագահների հանդիպումների նշանակության մասին: Կա նաև երրորդ տարբերակը՝ գուցե Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մեծ քաղաքականություն վերադառնալ այնտեղից, որտեղից սկսել է ճանապարհը՝ Ստեփանակերտից: Ինչու՞ նա չի կարող ընտրվել ԼՂՀ նախագահ: Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տարբերակ է, չէ՞, Ռոբերտ Քոչարյանը՝ ԼՂՀ նախագահ: Ճիշտ է՝ այդ դեպքում ջուրը կընկնի ԼՂՀ-ի խորհրդարանական կառավարման անցումը: Բայց դա հաստատ այս պահին ամենակարևոր խնդիրը չէ ԼՂՀ իշխանության օրակարգում:

Դիտվել է՝ 2291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ